Սամիթ
Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ (լատ.՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով
Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[2]։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

