Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:
1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝
Ողջույն-հրաժեշտ, ծեր-երիտասարդ, առաջ-ետ, կարճ-երկար, օտարներ-հարազատներ, աղմկոտ-լուռ, սխալ-իրավացի, փոքր-մեծ:
2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝
Ծեր-երիտասարդ, առաջ-ետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-անհանգստություն, այլանդակ-գեղանի, մեղմորեն-խստորեն, վախկոտ-քաջ, թշնամիներ-բարեկամ, փոքր-մեծ:
3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:
Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:
Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:
Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:
4. Շարունակեք նախադասությունները:
- Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն:
- Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև բնությունն է այդպիսին:
- Մի մարդ լողալ չգիտեր, բայց պարզվեց, որ կարող է:
- Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկները երփներանգ:
- Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ դեռ չի արթնացել:
Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ
1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Այս միտքը նշանակում է, որ պետք է միշտ նպատակասլաց լինես:
2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
Երիտասարդ խեցգետինը չհանձնվող ու նպատակասլաց խեցգետին էր :
3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Այս խեցգետինը առաջ էր քայլում ու շատ ինքնավստահ էր:
4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:
Բոլորը զարմանում էին, որովհետև նրանք չէին տեսել, որ խեցգետինը առաջ գնար, նա նման չէր ոչ մեկին :
5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Նա շատ նպատակասլաց խեցգետին էր, ու չէր հուսահատվում:
6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
Պետք է նպատակ ունենաս ու քո վրա շատ աշխատես , որպեսզի հասնես երազանքիդ: