Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։
Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։
Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն: ասա