

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Պատմություն
Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
13-րդ դարից՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու ստեղծած դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, ուր և իր ղեկավարությամբ գործել է երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է։ Այդ ձեռագրերի ստեղծողներն են Գրիգորը՝ 1297, Ստեփանոսը՝ 1458 թվականին։
Թեժառույքի վանք


Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում։