
Հայ ժողովրդի համար սիրելի և պաշտելի սրբերից է Սուրբ Սարգիսը, ով անվանվում է սիրահարների պահապան, ճանապարհին վտանգվածների ապավեն և արագահաս օգնականը բոլոր նեղյալների, որի համար ակամա և ինքնաբուխ Սուրբ Սարգսին իսկույն հիշում են նրանք, ովքեր անակնկալ ու հանկարծահաս որևէ փորձության են ենթարկվում իրենց կյանքի մի որևէ հանգրվանում: Ինչպես Սուրբ Սարգսին նվիրված շարականների ու բանաստեղծությունների տողերում և նրան ուղղված աղոթքներում է ասվում. «Արագահաս Սուրբ Սարգիս, դո՛ւ եղիր մեզ ապավեն և օգնական»:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Սուրբ Սարգսի տոնը թեև մեր եկեղեցին տոնել է շատ ավելի վաղ ժամանակներից, սակայն Ս. Սարգսի վարքը հայերեն է թարգմանվել Ս. Ներսես Շնորհալու պատվերով:
Շնորհալին եղբոր խնդրանքով և պատվերով 1157 թ. թարգմանում է Սրբոց Տարագրոսյանց վարքը, իսկ հաջորդ տարի` 1158 թ.` Սուրբ Սարգսի:
Ս. Սարգիսը հռչակվել է իբրև ամենահաղթ ռազմիկ` բարբարոսների դեմ մղված ճակատամարտերում, ինչպես նաև գթասիրտ քրիստոնյա` իր ինչքերը սիրահոժար աղքատներին բաշխող:
Հուլիանոսի թագավորության ժամանակ նրան աստվածային հայտնությամբ թելադրվել է իր որդու` Մարտիրոսի հետ ապաստանել Հայաստանում, սակայն, հայերը վախենալով Հուլիանոսից, Սուրբին թելադրել են գնալ Պարսկաստան և ծառայության անցնել Շապուհ թագավորի մոտ: Այնտեղ նա մեղադրվել է պարսկական զորքի մեջ քրիստոնեություն տարածելու համար, բռնադատվել իր Մարտիրոս որդու հետ: Թագավորի հրամանով Սարգիսը բանտարկվել է: Նրան առաջարկվել է ուրանալ Հիսուսին և ընդունել զրադաշտական կրոնը: Երբ նա անսասան է մնացել իր հավատքի մեջ` արձակվել է գլխատման հրաման: Նահատակության վայրում (Դաղման կոչված քաղաքի մոտ), գլխատումից առաջ Ս. Սարգիսն աղոթք է հղել առ Աստված, որ ի կատար ածվեն իր անունով աղոթողների բաղձանքները: Մխիթար Գոշի մեկնաբանմամբ` Սարգիս զորավարի աղոթքով գերությունից ազատվում են նրանք, ովքեր դիմում են Ս. Սարգսի բարեխոսությանը: Ահա այս պատճառով Սուրբ Սարգիսն անվանվում է նաև «գերեհան» և «գերեհաս»: Նոր Նախիջևանի ժողովրդական աղոթքներում պահպանվել է նման մի աղոթք, ուր Սուրբ Սարգսի աջակցությունն է հայցվում գերիների ազատության
համար.
Սո՛ւրբ Սարգիս, դուն հասնիս,
Գիշեր ասի, դուս ելլա,
Մեկ զորավոր սուրբ տեսա,
Ասի, լացի, ոտն ինկա.
Ասի.-Հայր սուրբ, անունդ ի+նչ է:
-Իմ անունս Սուրբ Սարգիս,
Օրդուս անունը` Սուրբ Մարտիրոս,
Ձիս կքալե ամպի վերան,
Անթաթար ծովի վերան:
Գնա ասա գերիներուն,
Ազատ անե իր արևուն:
Հավատացյալները թաքուն վերցրել են Սարգսի մարմինը և ամփոփել Համյան կոչված քաղաքում, որտեղից էլ, ըստ հայոց Հայսմավուրքների, Մ. Մաշտոցը վերցրել է Ս. Սարգսի մարմինը, բերել Հայաստան, ամփոփել Կարբի ավանում և վրան վանք կառուցել, ապա սրբի ատամներից մեկն առնելով` զետեղել է խաչափայտի մեջ և այն կանգնեցրել Վրաստանում`Գագա բլուրի գագաթին, որը ցայսօր կոչվում է Գագա Սուրբ Սարգիս: